ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը խոսել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին` մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները խախտում են մի շարք միջազգային իրավական դրույթներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Լեհաստանի Լոձ քաղաքում` ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
«Նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային փխրուն իրավիճակը՝ մատնանշելով, որ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող ագրեսիաները և ռազմատենչ հռետորաբանությունը կոպտորեն խախտում են միջազգային հումանիտար իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար դրույթները։ Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ արտգործնախարարը նաև նշել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն ու ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ձգտումներն են:
Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության գործունեությանը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։