ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր հարցաքննեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկու վկայի։ Երկու վկաներն էլ նշեցին, որ մեղադրյալին չեն ճանաչում, երբեք չեն տեսել։
Վկաներից մեկը` Մաշա Վարդանյանը, հայտարարեց, որ պաշտպանական կողմի վկա Արամ Սահակյանին տրամադրել է ուսխորհրդի ղեկավարի հեռախոսահամարը։ Նրանց հանդիպմանը ներկա չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել հեռակա կարգով մասնակցել հարցմանը։ Վկա Վարդանյանի խոսքով` ինքը երբեք չի հանդիպել Չալաբյանին և չի ճանաչում նրան։
Իր հերթին մյուս վկան` Արմեն Սոլոմոնյանը, նշեց, որ իր տեղեկություններով` ուսուցչուհի Էմմա Սարգսյանը գործնական հանդիպման է հրավիրել Ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի ղեկավար Թոռնիկ Ալյանին, քննարկել են «քաղաքական թեմաներ»։ Ալյանն իր ցուցմունքում չկարողացավ բացատրել, թե երբ է իմացել առաջիկա հանդիպման և դրա արդյունքների մասին։ Սա բուռն քննարկումների տեղիք տվեց, և փաստաբանները ցուցմունքները համարեցին ոչ հավաստի, սակայն դատախազը չհամաձայնեց դրա հետ։ Սոլոմոնյանն իր ցուցմունքի ժամանակ հայտնեց նաև, որ Չալաբյանին չի ճանաչում և դատական նիստից առաջ նրան երբեք չի տեսել։
Դատարանը Չալաբյանին թույլ տվեց դեկտեմբերի 2-4-ը գնալ Լեռնային Ղարաբաղ, իսկ դեկտեմբերի 25-ից հունվարի 8-ը՝ Ռուսաստանի Դաշնություն։
Հիմնական վկա Թոռնիկ Ալիյանը չէր ներկայացել դատական նիստին, ինչի պատճառով Մարտիրոսյանը որոշեց գործի քննությունը շարունակել հունվարի 12-ին, ժամը 11:00-ին։ Նա նաև դիմեց ոստիկանություն՝ վկային հարկադիր բերման ենթարկելու համար։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել էր ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց, հետո նրա կալանքը երկարացվեց 15 օրով։
Հուլիսի 27-ի երեկոյան նա ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿ-ից, բայց օգոստոսի 3-ին կրկին կալանավորվեց 3 ամսով։ Այժմ նա գրավի դիմաց ազատության մեջ է։