ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց հանրության լայն քննարկմանն արժանացած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին` 665 հազար դրամ։
Որոշման ընդունման համար կառավարությունը հիմք է ընդունել այն հիմնավորումը, որ ՀՀ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից:
Իսկ Վճռաբեկ դատարանի դատավորները, այդ թվում` դատարանի նախագահն ու պալատի նախագահն ամեն ամիս իրենց պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում են ստանում: Կառավարության համոզմամբ` նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և անդամների դեպքում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնային դրույքաչափը 1 331 200 դրամ է, իսկ դրա 50 տոկոսը կազմում է 665.600 ՀՀ դրամ։ Այսինքն` նախագծի ընդունման դեպքում Կարեն Անդրեասյանն ամսական 1 996 800 դրամ աշխատավարձ կստանա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնային դրույքաչափը 998 400 ՀՀ դրամ է, դրա 50 տոկոսը՝ 499.200 ՀՀ դրամ։ Փոփոխության դեպքում ԲԴԽ անդամները ամսական 1 497 600 դրամ վարձատրություն կստանան։
Կառավարության հաստատած նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ քննարկմանը։
Առաջարկվող կարգավորումն ընդունվելու դեպքում 2023թ–ի բյուջեի համար լրացուցիչ 61.900.800 ՀՀ դրամ ծախս է ենթադրում։
Հիշեցնենք, որ 2023թ–ի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը խոստացել է նվազագույն աշխատավարձն ավելացնել 7000 դրամով` 68 000 դրամի փոխարեն դարձնելով 75 000։
2022թ–ի երկրորդ եռամսյակի տվյալներով, Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 82 200 դրամ։