ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–ասաց Փաշինյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարվերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ի պատասխան հայտնեց, որ 2022-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 14.8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.9 տոկոսով։
«Այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։