ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ծայրահեղ աղքատների թվի կրկնապատիկ աճը 2021թ–ին, 2020-ի համեմատ, վկայում է այն մասին, որ 2020թ–ին կառավարության իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները եղել են խիստ հասցեական։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն` 2020թ–ին Covid-ի հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք։ Բայց, քանի որ Covid-ն ավարտվել է, և հակաճգնաժամային ծրագրերն էլ, ըստ էության, մեծ մասով ավարտվել են, ծայրահեղ աղքատության ցուցանիշը վերադարձել է 2019թ–ի մակարդակին ու մի փոքր էլ ավելացել է»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով նախօրեին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած` աղքատության 2021թ–ի ցուցանիշներին։
Հիշեցնենք` հրապարակված զեկույցի համաձայն` 2019թ–ին Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը կազմել է բնակչության 1.5%–ը , 2020թ–ին` 0.7, 2021-ին` 1.4։
Փաշինյանը նշեց, որ 2022թ–ի աղքատության ցուցանիշները դեռ մշակված չեն, և որ Վիճակագրական կոմիտեի նախագահն իրեն հայտնել է, որ դա միջազգային ստանդարտ է` աղքատության տվյալ տարվա ցուցանիշները հրապարակվում են հաջորդ տարեվերջին։
Այդուհանդերձ` վարչապետն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարել է խորը վերլուծել աղքատության խնդիրը և մշակել դրա հաղթահարման նոր ռազմավարություն` նոր գաղափարաբանությամբ։
«Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով։ Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա»,– ասաց Փաշինյանը` հանձնարարելով վերանայել սոցիալական ոլորտի քաղաքականությունը։
Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2020թ–ի համեմատ աղքատության միջին մակարդակը Հայաստանում 2021թ–ին 0.6 %–ով նվազել է, իսկ 2019-ի համեմատ` 0.1 %–ով ավելացել։