Ստեփան Գալստյանի առողջական վիճակը վատ է. նրա խափանման միջոցը կփոխվի՞

Ստեփան Գալստյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է դիմել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը ավելի մեղմ խափանման միջոցով փոխարինելու դիմումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբանը։
Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Մինչ այդ նա գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով արդեն դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որպեսզի պարզվի` նրա հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ։
«Այս պահին Ստեփան Գալստյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, առողջական վիճակը գնահատվում է անբավարար»,- ասաց նրա պաշտպանը։
Թե ԳՇ պետի նախկին տեղակալն առողջական ինչ խնդիրներ ունի, պաշտպանը չհայտնեց. բժշկական գաղտնիք է։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով»։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելու
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: