Իշխանավորների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն ի վերջո իրենք են հեռանում

Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ զարգացումներ են տեղի ունենում այս տարի Հայաստանում։
Sputnik
Եվ դրանցից ամենազարմանալին սա է՝ ողջ ամառ ընդդիմադիր պատգամավորները Երևանի հրապարակներում և փողոցներում պահանջում էին իշխանությունների հրաժարականը, բայց տեսնելով, որ իրենց այդ պահանջը բացարձակապես բանի տեղ դնող չկա, ընդդիմադիր պատգամավորներից ոմանք որոշեցին՝ լա′վ, էդ դեպքում մենք կհեռանանք։ Եվ այս շաբաթ մանդատներից հրաժարվեցին «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները։ Մի քանի օր առաջ նույնն էր արել նաև անկուսակցական պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Այսինքն, աշունն իրոք թեժ ավարտ է ունենում, թեև ընտրողներից շատերը բոլորովին այլ ավարտ էին ակնկալում։
Իրականում ընդդիմությունը շատ ավելի լավ արդյունքների հասնելու նախապայմաններ ուներ։ Նախ, ընդդիմության շարքերում կան բազմաթիվ փորձառու գործիչներ, այնինչ, թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկածները, խոստովանենք, գոնե պետական շինարարության նրբություններին բոլորովին ծանոթ չեն։ Եվ երկրորդ՝ ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշը գնալով նվազում է, ինչը պիտի որ շահեկան լիներ ընդդիմության համար և նոր հնարավորություններ բացեր նրա առջև։ Բայց հայաստանյան ընդդիմությունը նախընտրեց հին ու տրորված ճանապարհը՝ բոյկոտ և իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարում։ Այսինքն, մի գործելաոճ, որը գրեթե երբեք և գրեթե ոչ մի երկրում հաջողություն չի բերել։ Կարելի էր գոնե Վրաստանի փորձը ուսումնասիրել։
«Մենք այլևս չենք մասնակցի այս կեղծ խորհրդարանի գործընթացներին, կլինենք քաղաքացիների և լրագրողների հետ: Մենք կմասնակցենք խորհրդարանի միայն այն գործընթացին, որը կապված է կառավարությանն անվստահություն հայտնելու հետ»։
Համաձայնե′ք, կարելի է կարծել, թե սա մեր հարազատ հայաստանյան ընդդիմադիրների կեցվածքն է։ Այնինչ, նման հայտարարությամբ անցած տարի ամռանը հանդես է եկել Վրաստանի ընդդիմությունը։ Ընդ որում, նկատեք՝ եթե Հայաստանի ներքաղաքական կյանքի նկատմամբ եվրոպական կառույցները գրեթե երբեք բացարձակ ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել, ապա Վրաստանում միջամտել են։
Հայ-ադրբեջանական բանակցություններից արդեն ծանոթ Շառլ Միշելը նույնիսկ շատ կոնկրետ ծրագիր էր առաջարկել՝ եթե տեղական ընտրություններում իշխանականները 43 տոկոսից պակաս ձայն ստանան, Վրաստանում պետք է անցկացվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Բայց վրացական ընդդիմությունը այդ «եվրոպական» հնարավորությունից էլ չկարողացավ օգտվել, թեև արդեն պարզ էր՝ եթե նույնիսկ այս տարի Վրաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություններ կայանային, միևնույն է, ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու որևէ շանս չուներ։
Իշխանության դեմ բողոք, իշխանության վերարտադրություն կամ Ղազախստանում, ինչպես Հայաստանում
Բայց Հայաստանի ընդդիմությունը, ինչպես միշտ, մտածեց՝ մերն ուրիշ է։ Այն բանից հետո, երբ հայերը ջախջախիչ պարտություն կրեցին Արցախում, ավելին, ադրբեջանցիները գրավեցին հենց Հայաստանի տարածքի մի մասը, ո՞վ կքվեարկի այն իշխանությունների օգտին, որոնց օրոք կատարվել է այս ամենը։ Պարզվեց, որ մարդիկ լավ էլ քվեարկեցին՝ իշխանավորներին իշխանություն պարգևելով ևս հինգ տարով։ Այսինքն, գործեց ընդդիմության համար ամենաանցանկալի սցենարը։ Ու հարց է ծագում՝ բա արտահերթ ընտրություններ պահանջելուց առաջ այդ սցենարը ընդդիմադիրներից գոնե որևէ մեկը չէ՞ր կանխատեսում։
Անպատասխան հարցերի պակաս ընդհանրապես չի նկատվում։ Դեռ այս տարվա սկզբին ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների համատեղ հայտարարությունում ասված է. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Միաժամանակ, հայտնում ենք, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է մեր գլխավոր առաջնահերթություններից մեկը»։ Կներե′ք, պարզապես շատ դժվար է հասկանալ՝ հա′մ ուզում եմ բացահայտել մեղավորներին, հա′մ էլ այդ բացահայտման գործընթացին չե՞մ պատրաստվում մասնակցել։
Վեթինգ հայկական ձևով. վիճահարույց վճիռներ կայացնող դատավորի անկասելի կարիերան
Համաձայնե′ք, ընդհանրապես հիմա արդեն չափազանց դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ընդդիմությունը։ Հանձնե՞լ մանդատները, բայց ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը չի հրաժարվում դրանցից։ Վերադառնա՞լ խորհրդարան, բայց գոնե մինչև հիմա ոչ բոլորն են վերադարձել։ Շարունակե՞լ բոյկոտը, բայց գոնե որոշ ընդդիմադիրներ արդեն հայտարարել են, որ շարունակելու են աշխատանքը նիստերի դահլիճում և հանձնաժողովներում։
Եվ ամենազարմանալին՝ այս բոլոր զարգացումները ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում մի ժամանակաշրջանում, երբ խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել այն հայտարարության նախագիծը, ըստ որի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և համոզմունք է հայտնել, որ իշխող մեծամասնությունը անվերապահորեն կմիանա իրենց նախաձեռնությանը։ Այսինքն, ես մանդատս թողնում եմ ու հեռանում, բայց իշխանականներին հորդորում եմ միանալ իմ մշակած հայտարարությանը։ Հետաքրքիր է ավարտվում Հայաստանի գեղեցիկ աշունը։