Հրդեհաշիջում, տարահանում. ԱԻՆ–ն ուսումնավարժանք է անցկացրել Մանկական երկաթուղու թունելում

Ուսումնավարժության ընթացքում դիտարկվել է արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարար ծառայության և Հայաստանի էլեկտրական ցանցերի, ոստիկանության և այլ ծառայությունների փոխհամագործակցությունը:
Sputnik
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը Մանկական երկաթուղու տարածքում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել՝ «Հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը թունելում» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ մտահաղացման` թունելի անցուղում կան տուժածներ, որոնք ծխից տեսանելիության սահմանափակման և մարմնական վնասվածքների հետևանքով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ տարածքից։ Օգնության է հասնում ԱԻՆ փրկարար ծառայությունը։
Ուսումնավարժության նպատակը եղել է ԱԻՆ փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործումը։ Բացի այդ, դիտարկվել է արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարար ծառայության և Հայաստանի էլեկտրական ցանցերի, ոստիկանության և այլ ծառայությունների փոխհամագործակցությունը:
Վարժանքին հետևել են Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:
Խոսրովի անտառում «հրդեհ» էր բռնկվել. փրկարարների գործողությունները` տեսանյութում