ՀՀ–ին փոխանցված դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. նախարար

Անահիտ Ավանեսյան
Սեպտեմբերի 13-ին սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՊՆ–ն նոյեմբերի 28-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ:
«Փոխանցված մարմինների ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում ենք, ավարտում ենք և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,–ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։