Տնտեսության աճին զուգահեռ աճում է աղքատությունը. մասնագետը` հայաստանյան պարադոքսի մասին

Թաթուլ Մանասերյան
Թաթուլ Մանասերյանի պնդմամբ` տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն, և ստացվում է, որ ՀՀ ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տնտեսական երկնիշ աճ է գրանցվել, ինչին զուգահեռ աճում է նաև աղքատությունը, չնայած դրա պարադոքսալ լինելուն։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` վերլուծելով 2023 թվականի բյուջեի ուժեղ և թույլ կողմերը։
«Ցանկացած երկրում ուրախալի է, որ տնտեսական աճ է նկատվում, այն էլ երկնիշ, և ակնկալվում է, որ այդ աճը տրամաբանական շղթայով կշարունակվի։ Երբ կա աճ, նշանակում է, որ տնտեսությունը զարգացել է, բացի առանձին կազմակերպությունների բարձր շահույթներից՝ աճել է նաև աշխատող մարդկանց եկամուտները։ Այս ամենից ելնելով, մեր կենսամակարդակն աստիճանաբար պետք է բարելավվի, սակայն մեզ մոտ այդ ամենին զուգահեռ աղքատությունն աճում է»,– ասաց Մանասերյանը։
Նրա խոսքով` այս պարագայում տրամաբանության կապի խզում կա, ինչն արտահայտվում է, օրինակ, գիտությանը հատկացված ֆինանսավորմամբ, որը գրեթե 6 անգամ զիջում է ոստիկանությանը տրամադրած ծախսերին։ Դրանք, ի դեպ, շատ ավելի են նույնիսկ բանակին տրամադրվող գումարներից։
Նա ձեռնպահ մնաց և չշտապեց 2023 թվականի պետական բյուջեի ուժեղ կողմերը նշելուց, քանի որ այն առաջին հերթին տնտեսության զարգացման ծրագիր է։ Պնդեց` այդ 1 տարվա ծրագրում ոչինչ չի տեսնում, ինչպես նաև չի հասկանում, թե որ երկրի ու իրավիճակի համար է այն։ Այսինքն` հետպատերազմյան վիճակի վերականգնմա՞ն, կոմունիկացիաների բացմա՞ն, թե՞ այլ իրավիճակների համար է` տնտեսագետի համար պարզ չէ։
«Այս տարվա ընթացքում 300 հազարից ավելի եկվորներ (ռելոկանտների մասին է խոսքը– խմբ.) ունենք, ոչ միայն ՌԴ–ից, այլև Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից։ Սա մեր ազգաբնակչության 10 տոկոսն է, և սա չի կարող չազդել տնտեսության վրա»,– ասաց Մանասերյանը։
Տնտեսական երկնիշ աճին զուգահեռ ՀՀ–ում աղքատությունն էլ է աճում. տնտեսագետների ահազանգը
Ըստ նրա՝ այդ պայմաններում ամենակարևորն այն է՝ արդյոք Հայաստանն ի վիճակի է նվազեցնել աղքատությունը։ Նա նկատեց, որ տարեվերջին ՀՀ–ում կլինի 42% աղքատություն։ Ստացվում է, որ ՀՀ–ում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է։ Նրանց թիվը մեծ է, մասնավորապես, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում։