ՊՆ մայորը 19.700 դոլարի դիմաց պետական գաղտնիքներ է հայտնել. դավաճանության հերթական դեպքը

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Sputnik
ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով մայոր սպա է կալանավորվել։ Նա կասկածվում է պետական դավաճանության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայողները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայորը 2021 թ. հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից, ապա համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։
«Այդ ամենից հետո ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստացել է համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունել այն։ Ըստ համաձայնագրի` սպան պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 2022 թվականի փետրվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նա հավաքել և տարբեր բջջային հավելվածներով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող ռազմական տեղեկություններ։
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող կինը կալանքից գրավով ազատ չի արձակվի
Մասնավորապես` մայորը ներկայացրել է գաղտնի դրոշմով տարբեր բովանդակություններով փաստաթղթեր, իր ծառայության վայրի, ստորաբաժանումների ուղղվածության, տեսակի և քանակի, ինչպես նաև նշված ստորաբաժանումների կողմից ՀՀ արևելյան և հարավային ուղղություններում ծառայություն իրականացնելու վերաբերյալ տվյալներ։
Դրանց դիմաց սպան վարձատրվել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից` ընդհանուր ստանալով 19.700 ԱՄՆ դոլար գումար։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: