«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը

Հռիփսիմե Ստամբուլյան. Արխիվային լուսանկար
Պատգամավորը ներողոթյուն է խնդրել քվե տված այն ընտրողներից, որոնց հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այդ մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։
Նրա խոսքով` մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել է իր մասնագիտական ունակություններն ու աշխատանքային կարողությունները ծառայեցնել միայն ու միայն ի շահ հայրենիքի:
«Ներողություն եմ խնդրում վստահության քվե տված բոլոր այն քաղաքացիներից, ում հույսերն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չարդարացվեցին:
Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումների և գոյություն ունեցող խնդիրների լուծման նկատմամբ ունեցածս պատասխանատվության հետ»,– գրել է Ստամբուլյանը:
Նա շնորհակալություն է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի գործընկերներին` մաղթելով հաջողություններ խորհրդարանական աշխատանքի հետագա ընթացքում:
Պատգամավորը վստահեցրել է, որ հետագայում ևս շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին և գաղափարներին։ Շեշտել է` անկախ կարգավիճակից՝ իր հետագա աշխատանքում գերակա է պահվելու հայրենիքի շահը:
Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան
Նշենք, որ Հռիփսիմե Ստամբուլյանը 2005թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը` անգլերենի մասնագետի և քաղաքագետի որակավորումով։ Երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել։ Հիմնադրել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը, «Անռիվա-Տուր» տուրօպերատորը, «Անռիվա-Ռիելթի» անշարժ գույքի կազմակերպությունը, «Քորդոբա» ՍՊԸ-ն:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հավելենք, որ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին օրեր առաջ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։