Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հողամասը մի քանի անգամ էժան գնով են վաճառել

Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ապօրինությունների դեպքով։
Sputnik
Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են Երևանի քաղաքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ապօրինությունները, ինչի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է ոստիկանությունը։
Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն քաղաքացու կողմից զավթված հողամասը մինչև 2021-ի հունվարի 1-ը գործող կադաստրային արժեքով օրինականացնելու նպատակով պաշտոնյաները քաղաքացուց ընդունել են հետին թվով դիմումներ` 2020-ի դեկտեմբերի 30-ով թվագրված։
«Նրանք կազմել ու Երևանի քաղաքապետին են ներկայացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման նախագծեր: Արդյունքում, քաղաքապետի որոշումներով օրինականացված ինքնակամ շինություններից բացի, նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով քաղաքացուն է օտարվել 1994 քմ հողամասը` 5 միլիոն 982 հազար դրամով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Իրականում այդ հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 32 միլիոն է եղել, իսկ շուկայական արժեքը` 95 միլիոն:
Նշվում է, որ ապօրինության հետևանքով Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և այն հետագայում աճուրդային եղանակով օտարելու իրավունքից։
Հավելենք, որ 2021-ին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Հայկ Մարությանը։