ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի, Sputnik - Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը։ Հնչեցին հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայից:
1988 թվականի ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց՝ 1989 թվականի մարտին, Վլադիմիր Սպիվակովն առաջինն էր, որ սգացող գյումրեցուն բերեց դասական երաժշտության համերգի: Նրանցից մի քանիսը ներկա էին նաև այսօր։
«Դա ամենադժվար համերգներից մեկն էր, որ մասնակցել եմ՝ երկրաշարժից հետո առաջինն էր մեր քաղաքում: Ավելի շատ հարգանքի տուրք ու խնկարկում էր, որին ներկա սևազգեստ դահլիճը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր մեծ երաժշտին ու արտասվում: Համերգի ավարտին երկու գյումրեցի երեխաներ Սպիվակովին նվիրեցին իրենց զոհված ընկերոջ գոբելեն աշխատանքը. արտասվում էին բոլորը»,-հիշելով Սպիվակովի առաջին համերգը Գյումրիում Sputnik Արմենիային պատմում է Սուսաննա Մկրտչյանը:
Անցած 33 տարիների ընթացքում անվանի երաժիշտը մեկ անգամ չէ, որ եկել է այստեղ՝ ամեն անգամ այցն ուղեկցվել է բարեգործական միջոցառումներով:
«Անչափ ուրախ եմ բոլորիդ տեսնել, մենք բոլորս մեկ ընդհանուր պատմության մի մասնիկ ենք: Գյումրին գնալով էլ ավելի ու ավելի է լավանալու, զարգանալու ու գեղեցկանալու»,-համերգի ավարտին դիմելով գյումրեցիներին նշեց անվանի երաժիշտը՝ չմոռանալով հայերեն ավելացնել. «Ցանկանում եմ ձեզ երկար երջանկության ու սիրով լի տարիներ»:
Վլադիմիր Սպիվակովը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Սպիվակովն անդրադառնալով Զինվորի տանը նշեց՝ դա լույս է մթության մեջ:
«Այս անգամ հիմնականում Հայաստան ենք եկել Զինվորի տանն աջակցելու համար: Հրաշալի բան է, որ կարծում եմ ուրիշ ոչ մի տեղ չկա՝ ասես աստղ լինի, որը չի թողնում ճանապարհը կորցնեն: Հիացած եմ վերականգնողական կենտրոնի մթնոլորտով, այն վերաբերմունքով, որ ցուցաբերում են այստեղ զինվորներին: Բոլորս հուսով ենք, որ խաղաղություն կլինի»,-նշեց երաժիշտը:
Այս անգամ անվանի երաժիշտն իր հետ ոչ միայն գյումրեցիների ջերմ շնորհակալությունը կտանի, այլ նաև 15-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանի նվերը՝ «Նարեկը»:
Վլադիմիր Սպիվակովի համերգը Գյումրիում
© Sputnik / Armenuhi Mkhoyan