Առնվազն 300 մարդ է զոհվել Իրանում անկարգությունների հետևանքով. ԻՀՊԿ–ի գեներալ

Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ կնոջ` Մահսա Ամինիիի մահից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի Sputnik. Իրանում անկարգությունների հետևանքով առնվազն 300 մարդ է մահացել։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՕՏՈւ հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն։

«Մենք չկարողացանք թշնամիներին տարբերել նրանցից, ովքեր աջակցում էին մեզ», – Խաջիզադեի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ էր դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։