Ապօրինի թմրաշրջանառություն` տելեգրամյան ալիքի միջոցով. 22–ամյա երիտասարդ է ձերբակալվել

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքից ոստիկանները ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տարել մի երիտասարդի, որը զբաղվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Եղբայրության փողոցում 22-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով 10 փաթեթ՝ մոտ 18 գրամ ընդհանուր քաշով:
Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելու համար:
Նա հավելել է նաև, որ 27 փաթեթ արդեն տեղադրել է:
Երևանաբնակ կնոջ մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ և պայթուցիչ. նա ձերբակալվել է
Նույն օրը իրավապահները Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարբեր վայրերում գտել են երիտասարդի տեղադրած 27 փաթեթից 20-ը՝ մոտ 40 գրամ ընդհանուր քաշով։
Մնացած 7 փաթեթը, ամենայն հավանականությամբ, գնորդներն արդեն վերցրել էին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: