Աննա Վարդապետյանը պատժել է երկու դատախազի

Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչ հիմքերով են պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ նշանակվել է նկատողություն տեսակի կարգապահական տույժ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազը, մասնակցելով N վարչական գործով դատական նիստին, դատավարության մասնակից փաստաբանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից և ոչ բարեկիրթ վերաբերմունք:
«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել նաև նշված փաստաբանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների առերևույթ խախտման մասին: Ելնելով վերը նշվածից՝ կարգապահական վարույթ իրականացնող դատախազը միջնորդությամբ դիմել է Փաստաբանների պալատ՝ քննարկելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,– ասված է հաղորդագրությունում։
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով էլ նկատողություն տեսակի կարգապահական տույժ է կիրառվել նաև Շիրակի մարզի դատախազի նկատմամբ։
Մասնավորապես` տվյալ դատախազը հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ այն դեպքում, երբ նույն անձի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցանքի կապակցությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում ներգրավվել է որպես տուժող։ Այս փաստն անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ է առաջացրել սկզբնական գործով վերջինիս օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ:
Կա՛մ մանդատները կդնեք, կա՛մ դատախազը կգա ձեր հետևից. ԶԼՄ
Նման պայմաններում դատախազն ինքնաբացարկ չի հայտնել և շարունակել է հսկողություն իրականացնել նշված քրեական վարույթով: