Ողբերգական վթար Արմավիրի մարզում․ 1 մարդ տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին

Ավտովթարի զոհ դարձածները 31 տարեկան են, տուժածը՝ 38։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Սարդարապատ - Նոր Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ-ի վերաբերյալ ահազանգը ստացել է նոյեմբերի 27-ին՝ ժամը 23։21-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սարդարապատ - Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991 թ․) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների հասնելը վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացնելու ճանապարհին Ռ. Ե․-ն մահացել է։ Ս. Զ․-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Երասխ–Երևան ճանապարհին ավտովթար է եղել. 4 հոգու ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց