ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրության արդյունքում մի շարք խախտումներ է արձանագրել, որոնք կապվում են Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի հետ։ ՊՎԾ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2018-2022 թվականների ընթացքում 11 կազմակերպությունների կողմից ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ արտահանվել է ավելի քան 381 տոննա ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор)՝ թանկարժեք մետաղներ պարունակող կերամիկական թափոններ:
«Նշված ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպությունների կողմից կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված հայտերի փաթեթներում առկա տեղեկությունների արժանահավատությունը չի գնահատել և տրամադրել է արտահանման լիցենզիաներ այն պարագայում, որ նշված թափոնների ձեռքբերման, ինչպես նաև որպես վաճառքի գին նշված արժեքները եղել են շուկայական նվազագույն արժեքներից էական՝ մոտ 10 անգամ պակաս»,– նշված է ՊՎԾ հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ թանկարժեք մետաղների քանակությունները էականորեն պակաս են ներկայացված։ Բացի այդ, թանկարժեք մետաղների գների աճին զուգահեռ եզրակացություններում համապատասխանաբար նվազ են ներկայացվել թանկարժեք մետաղների քանակները։ Դրա արդյունքում արտահանվող ապրանքի արժեքը մնացել է նույնը:
Մաքսային մարմինն էլ իր հերթին կերամիկական թափոնների արտահանման գործընթացի և լիցենզիայի պարտադիր պահանջների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չի իրականացրել և երբևէ մաքսային փորձաքննություններ չի նշանակվել:
87 դեպքերում կերամիկական թափոնների արտահանումն իրականացվել է առանց կառավարության սահմանած պետական վերահսկողական ակտի, իսկ 66 դեպքերում արտահանման փաթեթներում ներկայացված պետական վերահսկողության ակտերը չեն բնութագրել արտահանման ենթակա ապրանքի ողջ ծավալի և խմբաքանակի կազմն ու հատկանիշները։
«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում 2 կազմակերպություններ՝ առանց արտահանման լիցենզիայի և պետական վերահսկողական ակտի 22 խմբաքանակով ՀՀ-ից երրորդ երկրներ են արտահանել շուրջ 28 տոննա կերամիկական թափոններ»,– տեղեկացնում են ՊՎԾ–ից։
2018-2022 թվականների ընթացքում ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ շուկայական նվազագույն գներով հաշվարկի դեպքում արտահանված կերամիկական թափոնների ընդհանուր արժեքը կկազմեր շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ, որի գծով պետք է առաջանար մոտ 5,5 մլրդ ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Մինչդեռ արտահանման փաստաթղթերով ներկայացվել են իրականությանն ակնհայտ չհամապատասխանող արժեքներ։
Արձանագրված խախտումների վերաբերյալ ՊՎԾ–ն համապատասխան առաջարկություններ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
Հաշվի առնելով, որ արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: