ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանքից գրավով ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` անթույլատրելի համարելով այն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: Մասնավորապես 2021 թվականին Ա.Պ.-ն, ամուսնու պահանջով ազգականների միջոցով ճշտել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի տեղակայման հասցեն և որոշակի գումարի դիմաց՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին հանձնելու նպատակով, հաղորդել ամուսնուն: Վերջինս տեղեկությունները փոխանցել է օտարերկրյա հատուկ ծառայություններին»,– նշված է հաղորդագրությունում:
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը` հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը, ինչպես նաև քրեական վարույթով հաստատված փաստական տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ ամբաստանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա։
Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն՝ կատարման նպատակով: