ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ հայ-ալբանական միջպետական հարաբերություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը շուտով նոր մակարդակի կդրվի։ Այս մասին նա ասել է Անկախության օրվա առթիվ Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը վարչապետին ու Ալբանիայի ժողովրդին առաջընթաց և բարգավաճում է մաղթել:
«Հայաստանը կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,– նշել է նա։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգային։
Նա կարևորել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Ալբանիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը։
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանի և Ալբանիայի միջև առկա ներուժն իր նպաստը կբերի հայ-ալբանական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,– նշել է ՀՀ նախագահը:
Վահագն Խաչատուրյանը Ալբանիայի ժողովրդին խաղաղություն և բարօրություն է մաղթել։