ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի դեմ ՀՀ ոստիկանության ներկայացրած հայցադիմումը վարչական դատարանը վարույթ է ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատաիրավական հարթակում։ Վարույթ ընդունելու որոշումը կայացրել է վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանը։
Ոստիկանությունը պահանջում է Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Ըստ հոդվածի` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 17-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա իրականացրեցին` պահանջելով, որպեսզի Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։ Ծնողներն իրենց հետ պաստառ էին բերել, որտեղ, նրանց պնդմամբ, այն ոստիկանների նկարներն էին, որոնք բռնության էին ենթարկել իրենց։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։