ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Հնդկաստանի և Ավստրալիայի բանակներն այսօր Ռաջաստան նահանգում անցկացրել են առաջին համատեղ «AUSTRA HIND–22» զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների նպատակն է հաստատել դրական ռազմական հարաբերություններ, կատարել փորձի փոխանակում և միասին գործելու կարողությունը բարձր մակարդակի հասցնել` ՄԱԿ-ի խաղաղության պարտադրման մանդատին համապատասխան։ Այս համատեղ զորավարժությունները թույլ կտան երկու բանակներին փոխանակել լավագույն փորձը՝ թշնամական սպառնալիքները չեզոքացնելու համար», - ասված է Հնդկաստանի ՊՆ հաղորդագրությունում։
Նախատեսվում է նաև մասնագիտացված զենքի օգտագործման ու նոր սերնդի սարքավորումների ուսուցում։
Զորավարժությունները կանցկացվեն մինչև դեկտեմբերի 11-ը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների ընթացքում մասնակիցները կլուծեն տարբեր խնդիրներ ՝ սկսած համատեղ մարտավարական վարժանքներից մինչև զենքի տիրապետման բազային հմտությունների փոխանակում ու թշնամական թիրախների վրա հարձակում: