Գեղարքունիքից տեղահանվածների ավելի քան 90%-ը վերադարձել է մշտական բնակության վայր․ մարզպետ

Գեղարքունիքի մարզպետը տեղահանված բնակչության կարիքները քննարկել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը վերաբերող հարցեր է քննարկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ալմազ Բուրկուտովի հետ։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
Բուրկուտովը հետաքրքվել է Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատրաստվածության և պատսպարման, մարզի ազդարարման համակարգի գործունեության, տեղահանված բնակչության վերադարձի, նրանց տնտեսություններին պատճառված վնասների վերականգնման հետ կապված հարցերով։
«Մոտ երկու ամիս է, ինչ սկսվել և շարունակվում է հրետակոծությունից վնասված բնակարանների վերականգման գործընթացը, որի արդյունքում տեղահանված բնակչության ավելի քան 90 տոկոսը վերադարձել է մշտական բնակության վայրեր։ Խոսքը 152 բնակարանների կամ շինությունների մասին է, որոնց սեփականատերերին տրվել են համապատասխան փոխհատուցումներ՝ վնասները վերականգնելու համար»,- ասել է մարզպետը։
Նա միաժամանակ նշել է, որ այդ ընտանիքներն ունեն նաև այլ կարիքներ ու աջակցության անհրաժեշտություն՝ կապված ձմեռացման, գյուղատնտեսական աշխատանքների և շատ այլ խնդիրների հետ։
Բուրկուտովը վստահեցրել է, որ իրենք մշտական կապի մեջ կլինեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերը հասցեկական և արդյունավետ իրականացնելու նպատակով։