ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը հայտնում է Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Պարզվել է, որ Կ. Ղ.-ն Ա. Բ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը նրան վաճառելու համար նույն օրը իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն Ա. Բ.-ին հանձնել է իր կողմից կազմված` ընդամենը 4 մ3 փայտանյութի բացթողնման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ»,– հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։
Նախաքննության ընթացքում այլ ապօրինի գործողություններ ևս բացահայտվել են։ Մասնավորապես` անտառային ֆոնդի տարածքից Գ.Պ–ին 25 մ3 վառելափայտ վաճառելու համար Կ. Ղ.-ն նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի 33 մ3 վառելափայտ վաճառելու համար պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ ՍՊԸ-ի օգտին Կ. Ղ.-ն ակնհայտ ապօրինի անգործություն է թույլ տվել։
Ավելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար նույն ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենից ստացել է 240.000 ՀՀ դրամ:
«Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն և ևս երկու անձ ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է: