ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Նոր մոտեցում հայ գրականության դասական ստեղծագործություններից մեկին։ Լևոն Շանթի «Հին Աստվածներ» պատմվածքն այսուհետ նաև բալետային մեկնաբանություն կունենա։
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին համաշխարհային պրեմիերա կլինի։ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հիման վրա բեմադրվել է «Ձգողականություն» բալետային ներկայացումը։ Հեղինակը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն է։
«Ձգողականություն» բալետային ներկայացման փորձ
© Sputnik / Aram Nersesyan
Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ Վահե Շարաֆյանը նամակ ստացավ ամերիկահայ մի կնոջից` Կատյա Կուշերյանից։ Կինը կոմպոզիտորին առաջարկեց գրել երաժշտություն բալետային ներկայացման համար` ֆինանսավորումը վերցնելով իր վրա։
Կոմպոզիտորը խոստովանում է` «Հին Աստվածների» հիման վրա բալետային պարտիտուրա գրելու գաղափար վաղուց է ունեցել, իսկ կնոջ զանգը ոգևորել է նրան ու պարզապես ցանկությունը դարձրել իրագործելի։
Վահե Շարաֆյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
«Պատմվածքի բոլոր երկխոսությունները դարձված են երաժշտություն, իսկ հետո` նաև պար։ Այս ստեղծագործության բալետային «թարգմանությունը» լավագույն բանն էր, որ կարող էր լինել։ Նրա երևակայությունն այնքան մեծ է, որ ո՛չ օպերան, ո՛չ ներկայացումը, ու ո՛չ էլ ֆիլմը չեն կարող այնպես արտահայտել ստեղծագործության իմաստը, ինչպես բալետը»,– ասում է Շարաֆյանը։
Շարաֆյանը ներկայացումից առաջ վերջին շտկումներն է անում։ Ասում է` ամեն փորձից հետո մի նոր մտահղացում է ծնվում։
«Այնքան պարզ ու հասկանալի է ամեն ինչ բեմադրված, որ նայում եմ ու հիանում, հուսով եմ` հանդիսատեսը կկիսի այդ զգացմունքը»,– ասում է կոմպոզիտորը։
«Ձգողականություն» լիբրետոյի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է։ Սա նրա առաջին փորձն է բալետային ներկայացում բեմադրելու։ Թատերական ռեժիսորին օպերայի և բալետի թատրոն հրավիրելու գաղափարը բեմադրության երաժշտական ղեկավար ու դիրիժոր Կարեն Դուրգարյանինն էր։
«Ձգողականություն» լիբրետոյի հեղինակ ու բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Ռեժիսորը սկզբում անակնկալի է եկել, բայց հայ գրականության այս գլուխգործոցի մասին բալետային լեզվով խոսելու հնարավորությունը ոգևորել է նրան։ Խոստովանում է` մնջախաղում իր մեծ փորձն է օգնել գործը գլուխ բերել։
«Թատրոնում բազմաթիվ անգամ դիտել եմ բեմադրությունը, կարդացել եմ ստեղծագործությունը, բայց երբ իմացա նախագծի մասին, վերընթերցեցի ու հասկացա, որ այն ավելի շատ բալետ է, քան ներկայացում։ Կարդում էի ու պատկերացնում, թե ինչպես են պարում սևազգեստները լայն փեշերով, ու ինչքան գեղեցիկ դա կարող է լինել բեմում։ Փորձել եմ ամեն ինչ անել, որ չկորցնելով Լևոն Շանթի մոտեցումները` հանդիսատեսին փոխանցեմ այդ ամենը»,– ասում է Նարինե Գրիգորյանը։
Այնուամենայնիվ` Նարինե Գրիգորյանի բամեադրության մեջ փոխվել է ստեղծագործության հայեցակարգը։ Նա գրել է նոր լիբրետո ու փոխել նաև ստեղծագործության անվանումը։
«Շատ անգրագետ կլիներ, որ անվանեի «Հին աստվածներ» ու խոսեի բնությունից։ Ես Լևոն Շանթին շատ չեմ դավաճանել, որովհետև անսահման հարգում եմ այդ դրամատուրգին, բայց ես չէի կարող պատմել աստվածների մասին, երբ ես հավատում եմ, որ կա մեկ Աստված։ Ստեղծագործության հերոսն ինձ մոտ բնությունն է։ Անվանել եմ «Ձգողականություն» և՛ որպես ֆիզիկայի, բնության օրենք, և՛ նկատի ունենալով տղամարդու ձգտումը դեպի կինը»,– ասում է բեմադրող ռեժիսորը։
Օպերայի և բալետի թատրոնում, որպես կանոն, բեմադրող բալետմեյստերն է պատասխանատու նաև ներկայացման ռեժիսուրայի համար։ Այս անգամ մոտեցումը մի փոքր այլ է։ Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը խոստովանում է` ռեժիսորի հետ երբեմն ստեղծագործական վեճեր են լինում, բայց կոմպրոմիսներ միշտ գտնվում են։
«Նարինեն շատ թատերական է ամեն ինչ պատկերացնում , ես մի քիչ ավելի դեպի բալետն եմ տանում, կարծում եմ` այս սինթեզը վերջում լավ արդյունք է տալու»,– ասում է Ասատուրյանը։
Ներկայացման բեմադրող բալետմեյստեր Արա Ասատուրյանը «Ձգողականություն» բալետային ներկայացման փորձի ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Նոր ներկայացման համար, իհարկե, ստեղծվել են նաև նոր բեմական հագուստներ։ Դրանք նույնպես թատերական ու բալետային ոճերի միախառնման արդյունք են։
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը չափումներ է անում
© Sputnik / Aram Nersesyan
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանն առաջին անգամ է բալետային ներկայացման համար աշխատում։
Զգեստների նկարիչ ու բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Բալետային ներկայացումը շատ պահանջներ ունի. բեմը պետք է ազատ լինի, չի կարելի ծանրաբեռնել դեկորով, զգեստները պետք է չխանգարեն պարողներին , բայց այս ամենը խոչընդոտ չէ, մենք ստացել ենք մեր ուզած ներկայացումը»,– ասում է նա։
Ի դեպ` «Ձգողականություն» բալետային ներկայացումը «Հին աստվածներ» դրամայի բեմադրման երկրորդ փորձն է։ Առաջինի ժամանակ Վաչե Շարաֆյանն աշխատում էր Վիլեն Գալստյանի հետ։ Գործը կիսատ մնաց Գալստյանի հիվանդության , հետո էլ` համավարակի ու պատերազմի պատճառով։ Այս տարի թատրոնի նոր ղեկավարությունը որոշեց ամեն ինչ սկսել նորից։