ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Չինաստանի Չժենչժոու քաղաքում iPhone արտադրող ամենախոշոր գործարանում անցկացվող բողոքի ակցիաները կարող են կրճատել սմարթֆոնների արտադրությունը 5-10%-ով։ Տեղեկությունը հայտնում է CNN-ը:
Դժվարություններն ի հայտ են եկել հոկտեմբերին, երբ աշխատողները կորոնավիրուսի բռնկման վախի պատճառով սկսել են լքել Չժենչժոուի գործարանը։ Որպեսզի աշխատակիցները վերադառնան աշխատանքի, ղեկավարությունը հավելավճարներ է առաջարկել, սակայն չի կատարել խոստումը։ Դա բողոքի ալիք է բարձրացրել, և բախումներ են սկսվել աշխատակիցների և գործարանի անվտանգության ծառայողների միջև։ Շաբաթվա վերջին բողոքի ակցիաները դադարել են, սակայն աշխատողները դեռ դժգոհ են։
Չժենչժոուի գործարանը պատկանում է թայվանական «Foxconn» ընկերությանը՝ աշխարհում iPhone-ի խոշորագույն մատակարարին: Այս գործարանի աշխատակիցների մեկշաբաթյա անգործության հետևանքով «Apple»-ը մոտ 1 միլիարդ դոլար է կորցնում, արդյունքում iPhone 14-ի արտադրությունը կրճատվում է 5-10%-ով:
Մինչ այս իրադարձությունները «Foxconn»-ը սկսել էր iPhone 14 արտադրել Հնդկաստանում և դիտարկում է Վիետնամում ընդլայնվելու հնարավորությունը՝ մատակարարման շղթաները դիվերսիֆիկացնելու համար,պատճառը ոչ թե աշխարհաքաղաքական իրավիճակն է, այլ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով խիստ սահմանափակումները, որոնք ազդում են բիզնեսի զարգացման վրա, քանի որ բացակայում է ամենակարեւոր պայմաններից մեկը` կանխատեսելիությանը:
«iPhone-ի արտադրությունը Հնդկաստանում 2023 թվականին կարող է աճել երկուսուկես անգամ»,– նշել է«Wedbush Securities» ընկերության վերլուծաբան Մինգ Չի–Կյոն։ Նրա կարծիքով՝ «Foxconn»-ի հեռահար նպատակն է iPhone-ի արտադրության մեջ Հնդկաստանի մասնաբաժինը ներկայիս 4%-ից հասցնել 40-45%-ի։