Փաշինյանը Զիբերթի հետ խոսել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին

ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ Հայաստանը հանձնառու է շարունակել ժողովրդավարական ռեֆորմները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ:
«Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները: Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և այդ համատեքստում հիշատակել գագաթնաժողովի շրջանակում իր, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է` Միխայել Զիբերթն ընդգծել է, որ ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում, ինչի մասին վկայում են տարբեր ոլորտներում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը։ Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին այդ գործընթացում:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասով բարձր գնահատականի համար՝ նշելով, որ դիտարկվում է այն շարունակական դարձնելու գաղափարը:
Միրզոյանն ընդունել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելությանը և խոսել ԼՂ–ի մասին
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։ Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։