Իսկապես, խորհրդային առաջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը բառիս բուն իմաստով կպած էր Հայաստանին, բայց 1930 թվականին վարչական հերթական տխրահռչակ «բարեփոխումներից» հետո Լաչինի շրջանը դուրս բերվեց ԼՂԻՄ-ի կազմից և դարձավ Ադրբեջանի առանձին վարչական միավոր։ Այսպես Արցախը կորցրեց անմիջական կապը Հայաստանի հետ։ Երևի կարիք չկա հիշեցնելու, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թվականին։ Հայկական ուժերը բացեցին Լաչինի միջանցքը, և Հայաստանը կրկին անմիջական կապ հաստատեց Արցախի հետ։ Բաքվում էլ են հրաշալի հիշում այս պատմությունը, հենց դրա համար էլ այդ միջանցքը դարձել է ադրբեջանցիների աչքի փուշը։
Շատերը զարմանում են՝ ինչո՞ւ են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները համառորեն միջանցք անվանում այն ճանապարհը, որը Մեղրիով կարող է կապել բուն Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մանավանդ, որ կես տարի առաջ Բաքվի և Թեհրանի միջև պայմանագիր ստորագրվեց, ըստ որի, մոտ ապագայում Արաքս գետի վրա կկառուցվի չորս կամուրջ, և Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կմիանան Հայաստանը շրջանցող ավտոմայրուղով և երկաթգծով։ Թվում էր, թե այդ ծրագրի իրագործումից հետո Սյունիքով անցնող ճանապարհն Ադրբեջանի համար ընդհանրապես կկորցնի իր նշանակությունը։
Բայց դա բոլորովին այդպես չէ՝ «քանի դեռ Հայաստանը միջանցք ունի Ադրբեջանի տարածքում, Ադրբեջանն էլ անպայման պիտի միջանցք ունենա, որն անցնում է Հայաստանի տարածքով»։ և Բաքուն շարունակ բարձրացնելու է, իր կարծիքով, միանգամայն տրամաբանական հարցը՝ եթե ադրբեջանցիները չեն վերահսկում Լաչինի միջանցքը, ինչո՞ւ պիտի հայերը վերահսկեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։
Դեռ մի քանի շաբաթ առաջ ելույթ ունենալով Շուշիում, Ադրբեջանի նախագահը զուգահեռներ անցկացրեց երկու ճանապարհների միջև։ Մեջբերեմ. «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի ստանձնած պարտավորությունն է: Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որ ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,- հարց է տվել Իլհամ Ալիևը։
Հասկանալի է, որ այս արհեստական զուգահեռը Լաչինի միջանցքի դեմ պայքարելու ընդամենը մեկ ձևն է։ Իսկ վերջերս ադրբեջանցիները սկսել են կիրառել նաև Լաչինի միջանցքից ազատվելու երկրորդ տարբերակը՝ հասնել այդ միջանցքի փակմանը, մեղադրելով հայերին զենք տեղափոխելու մեջ։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շադլինսկին այդպես էլ ասել է. «Հայաստանը սպառազինություն է տեղափոխում այն տարածքում, որում տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, պայմաններ է ստեղծում ռազմական սադրանքների համար»։ Իսկ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պարզապես սպառնացել է. «Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանը այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի»։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներին իրոք հաջողվի վերահսկողություն հաստատել Հայաստանը Արցախին կապող միակ ցամաքային ճանապարհի նկատմամբ։ Շատերը հաստատ կհիշեն 90-ականների սկզբի այն օրերը, երբ, ինչպես փաստում էր Վազգեն Սարգսյանը, Երևան-Ստեփանակերտ կապն իրականացվում էր ընդամենը 4 ուղղաթիռների միջոցով։ Հիմա արդեն ուղղաթիռներն էլ չեն օգնի։
Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ մինչ Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել մի նախագիծ, որով Ազգային ժողովը հայտարարում է, թե Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի արգելափակվի Լաչինի ճանապարհը, և ղարաբաղցիները փաստացի հայտնվեն Ադրբեջանի կազմում։
Այսինքն, նորից կրկնվում է նույն պատմությունը՝ մենք հայտարարություններով ենք զբաղված, Ադրբեջանը հետևողական իրականացնում է իր նպատակները։ Այնինչ, հայտնի է, որ սովորաբար հաշվի են նստում միայն այն դերակատարների հետ, որոնք երբեք չեն զիջում սկզբունքային դիրքերը և ղեկավարվում են Ջոն Քենեդիի առաջ քաշած կարգախոսով. «Մենք երբեք չենք բանակցի վախի դիրքերից, բայց և երբեք չենք վախենա բանակցելուց»։