Հարվածները թիրախներին են հասցվել Ճապոնական ծովի ջրատարածքից։ Մարտական վարժություններ կատարելուց առաջ սուզանավը գաղտնի է մտել տվյալ շրջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
«Առաջին հրթիռով հաջողությամբ խոցվել է ծովային թիրախը՝ թիրախային վահանը, որը նմանակում էր պայմանական հակառակորդի նավը։ Երկրորդ հրթիռը հաշվարկային ժամանակում Խաբարովսկի երկրամասի Սյուրկում մարտավարական դաշտում խոցել է ափամերձ թիրախը։ Կրակոցների հեռահարությունը կազմել է ավելի քան հազար կիլոմետր»,- նշել են ռազմական գերատեսչությունում։
Հրթիռային կրակոցների իրագործումն ապահովել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը, ինքնաթիռներն ու ծովային ավիացիայի անօդաչու սարքերը։
«Մագադանը» Խաղաղօվկիանոսյան նավատորմի համար կառուցված 636.3 նախագծի վեց դիզելային էլեկտրական սուզանավերից երրորդն է: Այն մարտական կազմ է ընդունվել 2021 թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում: Սուզանավը Խաղաղօվկիանոսյան նավատորմ է հասել Հյուսիսային ծովային ճանապարհով 2022 թվականի հոկտեմբերին։
Նոյեմբերին նավատորմի կազմ պետք է մտնի չորրորդ նման սուզանավը՝ «Ուֆան», իսկ 2023-ի գարնանը հինգերորդը՝ «Մոժայսկը»: Կառուցվում է վեցերորդ «Յակուտսկ» սուզանավը։ Ավելի վաղ Խաղաղօվկիանոսյան նավատորմի կազմի մեջ էին մտել շարքի առաջին երկու՝ «Պետրոպավլովսկ-Կամչատսկի» ու «Վոլխով» սուզանավերը։