ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նախապատրաստվել են 2022-2023թթ. ձմեռային սեզոնին։ Հանձնաժողովն ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ իրականացրել է ենթակառուցվածքի ամբողջական զննում՝ գնահատելու դրա պատրաստվածությունը և անձնակազմի աշխատանքը ձմեռային պայմաններում աշխատելու համար:
Ընկերության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական և տեխնոլոգիական նշանակության շենքեր և շինություններ, արհեստական կառույցներ, էներգետիկայի և ավտոմատացման սարքավորումներ: Մասնավորապես, ուսումնասիրվել է 800 կմ գծերի և կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջներ, 15 քարշային ենթակայան և 53 կայարան։
«Նախորդ կոմիսիոն զննության համեմատ ենթակառուցվածքների վիճակը զգալիորեն բարելավվել է Վանաձորի և Գյումրու տեղամասերում։ Ցավոք, բացի Վանաձորի տեղամասից, չթույլատրված գծանցների և օրինական գծանցների կահավորման հետ կապված իրավիճակը շարունակում է խնդրահարույց մնալ ՏԻՄ–երի անգործության պատճառով, որոնց իրավասության շրջանակում է գտնվում խնդիրների լուծումը: Այս խնդիրը երկաթուղու ենթակառուցվածքների վրա տարածված արտաքին ազդեցություններից մեկն է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վարորդների և ֆերմերային տնտեսությունների կողմից գծերի հատման կանոնների խախտումը, չհամապատասխանելը հանգեցնում է ՃՏՊ–ների: Բացի այդ, երկաթուղու երկայնքով կան ճանապարհների մոտ 30 հատվածներ, որոնք տրանսպորտային միջոցների և երկաթուղու շարժակազմի միջև բախումների մեծ ռիսկ են պարունակում, ինչը պահանջում է պետական իշխանությունների միջամտությունը։
Հանձնաժողովի զննության արդյունքում փաստել են, որ երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղևորների և բեռների անվտանգ փոխադրմանը։
Նշենք, որ 2022 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ, ինչը դրական ազդեցություն կունենա երթևեկության անվտանգության մակարդակի վրա։ Մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ ՝ էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել են 8 կիլոմետր երկարությամբ գծեր։