Բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը ձերբակալվել է կաշառք ստանալուց հետո

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60000 դրամը։
Sputnik
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով որոշում կայացնելու գործընթացը կազմակերպելու համար նոյեմբերի 22-ին Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում պահանջել է որպես կաշառք 60 հազար դրամ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին հանձնաժողովի անդամը իր աշխատասենյակում պահանջված 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60000 դրամը։ Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։