ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մանդատը վայր է դնում, նա ֆեյսբուքյան իր էջում է հայտնել որոշման մասին։
«Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»,–գրել է նա։
Նրա խոսքով` մեծ պատասխանատվություն և պատիվ էր լինել ակտիվ քաղաքականության մեջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և թիմակիցների հետ:
«Ես պայքարել եմ և պայքարելու եմ՝ դեռ իրեն սպասեցնող հանգուցալուծման համար։ Հավատում եմ, որ այն չի ուշանա և հնարավոր կլինի կառուցել իսկապես անվտանգ երկիր՝ ամուր սահմաններով ու համախմբված հասարակությամբ, պահպանելով մեր Արցախը, հասնելով մեր նոր ու մեծ երազանքին։ Ինձ համար այս հարցում ոչինչ չի փոխվել և չի փոխվելու»,–ասել է նա։
Վարդևանյանը հայտարարում է, որ վերադառնում է փաստաբանական համայնք. անելիք շատ կա:
Հիշեցնենք, որ Վարդևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: