Փաշինյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Շատ կարևորում ենք և շատ ոգևորված ենք Ձեր հաջողությամբ: Եվ հիմնական հարցը, որ ես տալիս եմ, և մենք մեզ տալիս ենք, հետևյալն է. մենք ինչ պիտի անենք, որ աջակցենք, որպեսզի Ձեր տաղանդը զարգանա և Հայաստանին բերի նորանոր և ավելի մեծ հաղթանակներ»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ուզում են Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծել:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։