ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այս օրերին Բաքվում է: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 14-ին Խովաևը գտնվել է Երևանում, որտեղ խորհրդակցությունների շարք է անցկացրել Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:
«Այժմ նա Բաքվում է ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար։ Այդ շփումների ընթացքում քննարկվում է նաև խաղաղության պայմանագրի հարցը», - ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանում ու Բաքվում հնչող հայտարարություններին, նա նշել է, որ խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը շատ բարդ, զգայուն բնույթ ունեն:
«Նպատակահարմար չենք համարում մինչև կոնկրետ պայմանավորվածությունների հասնելը մեկնաբանել կողմերի դիրքորոշումները», - եզրափակել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում առաջարկել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի փոխարեն շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է սահմանի սահմանազատման ու սահմանագծման ավարտ, իսկ դրա համար կարող են տարիներ պահանջվել։
Դրա համար էլ Երևանը կողմ է, որ սկզբի համար հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացում, զորքերի հայելային հետքաշում իրականացվի, իսկ սահմանի որոշման համար հիմք ընդունվեն 1990 թվականի քարտեզները։
Այնուհետև, նրա խոսքով, պետք է տեղակայել սահմանապահներին ու դրանով մի որոշ ժամանակ փակել այդ հարցը։ Դրանից հետո պետք է ստորագրել շրջանակային փաստաթուղթը և սկսել սահմանազատումը:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։