ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրանի հայ համայնքի խորհուրդը վերջին ահաբեկչությունների և անկարգությունների առնչությամբ հայտարարություն է տարածել։ «Pars Today»–ը գրում է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնել իշխանություններին և կոչ արել միջոցներ ձեռնարկել երկրում կայունություն ապահովելու համար։
Նշվում է, որ Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ու անկարգությունները, որոնք քաղաքացիների մահվան, ինչպես նաև հասարակական կարգի ու անվտանգության խախտման են հանգեցրել լուրջ մտահոգություն են առաջացրել նաև հայ համայնքում։
«Այս սուրբ հողի այլ կրոնների հետևորդների և ազգերի հետ միասին աջակցում ենք ԻԻՀ–ի իշխանություններին և պահանջում երկրում ապահովել կայուն անվտանգություն, պատասխանատվության ենթարկել հանցագործության մեղավորներին և հասարակության անվտանգությունը խախտողներին», – ասվում է հայտարարության տեքստում։
Իրանահայերը հիմնականում քաղաքաբնակներ են, ապրում են Թեհրանում, Սպահանում և նրա հարակից շրջաններում։
Նշենք, որ Իրանի տարածքում վերջին երկու ամիսների ընթացքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել։ Հոկտեմբերի վերջում անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ–Չերախ դամբարանի տարածքում։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով 13 մարդ էր զոհվել, ևս 45-ը` վիրավորվել։ Ավելի ուշ Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հայտնեց, որ ահաբեկչության մասնակիցներ թվում Ադրբեջանի քաղաքացիներ կան։
Եվս մեկ ողբերգություն տեղի ունեցավ նոյեմբերի 16–ին Խուզեստան նահանգի Իզե քաղաքի շուկայում։ Անհայտ անձինք երկու մոտոցիկլետներով մոտեցել էին քաղաքացիների խմբի և կրակ բացել։ Կրակոցների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում` երեխա և տարեց կին, ևս 10-ը` վիրավորվել։