Երևի ուզում են վախեցնել. զոհվածի ծնողը` իրենց դեմ գործ հարուցելու մասին

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում
Զոհված զինծառայողների ծնողներն այս պահին քննչական կոմիտե են մտել, որպեսզի հասկանան, թե ինչու է դանդաղում Եռաբլուրիդեպքով հարուցված քրգործի ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում` պահանջելով, որպեսզի Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած դեպքի մեղավորները պատժվեն։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21-ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։ Այդ դեպքով քրգործ էր հարուցվել։ Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով զոհվածների ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում
«Ոստիկանապետ Վահե Ղազարյանը թող հայտարարի` իր հրամանո՞վ են ոստիկանները նման գործողություններ կատարել, թե՞ ոչ։ Ոստիկանները մայր չունե՞ն, թող ոստիկանները մտածեն` իրենց մոր հանդեպ են բռնություն կիրառում։ Հարցն այն է, որ ոստիկանական համակարգը ծառայում է մեկ մարդու, և մենք էլ ուզում ենք քննիչներին ասել, որ մենք իրենց մեջքին ենք կանգնած, թող արդար քննություն իրականացնեն»,–ասաց զոհված Ժորա Սահակյանի հայրը` Վահիդ Սահակյանը։
Նա հայտնեց նաև, որ երեք օր առաջ կրկին ՔԿ էին եկել և պարզել էին, որ Եռաբլուրի դեպքով հարուցված քրգործով որևէ ոստիկան չի հարցաքննվել։ Ծնողները եռօրյա ժամկետ էին տվել ՔԿ–ին, ինչի համար էլ այսօր կրկին ՔԿ առջև են հավաքվել։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում
Ի դեպ, ծնողներն այսօր իրենց հետ պաստառ են բերել, որտեղ, նրանց պնդմամբ, այն ոստիկանների նկարներն են, որոնք բռնության են ենթարկել իրենց։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստիկ Գալեյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ծանուցում են ստացել, որ իրենց դեմ է գործ հարուցվել` ոստիկաների պահանջը չկատարելու համար. «Երևի ուզում են ինչ–որ ձև ծնողներին վախեցնել ու լռեցնել։ Ո՞նց կարող են ծնողները վախենալ, երբ իրենց 18-20 տարեկան տղաները թուրքի դեմ կանգնել ու կռվել են»։
Այս պահին ծնողները քննչական կոմիտե են մտել։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ՀՀ քննչական կոմիտեի մոտ ակցիա են իրականացնում