ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` հաստատելով տեղեկությունները, որ ինքը և Արթուր Սարգսյանը դուրս են եկել «Վերածնվող Հայաստան»–ից։
«Այն միֆը կամ այն իլյուզիաները, որ որոշ մարդիկ տարածում են առ այն, որ «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չի համապատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը կուռ է։ Ես, Արթուր Սարգսյանը և Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամներ, պահպանում ենք գործընկերային հարաբերություններ»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Գրիգորյանը հայտնեց, որ Վահե Հակոբյանի հետ շատ ավելի վաղ է եղել համագործակցության դադարեցումը, սակայն այն պաշտոնական բնույթ է ստացել մեկ ամիս առաջ։
Պատգամավորը նաև վստահեցրեց, որ Վահե Հակոբյանի հետ համագործակցության դադարեցումը որևէ առնչություն չունի նրա անվան հետ կապվող քրգործերի հետ։
Ավելի վաղ մամուլում տեղեկությունների էին շրջանառվում, որ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Նշվում էր, որ Գրիգորյանին հեռացրել են կուսակցությունից, քանի որ վերջինս չի համաձայնեցրել իր բոլոր քայլերը կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ։