ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն հորդորում է քայլեր ձեռնարկել Սիրիայի հյուսիսում իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսում ռազմական վերջին գործողություններով, որոնք ապակայունացնում են տարածաշրջանի իրավիճակը` վտանգելով ԻՊ–ի դեմ պայքարի մեր ընդհանուր նպատակն ու ԱՄՆ քաղաքացիական բնակչությանն ու անձնակազմին», – ասվում է Փրայսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի կայքում։
Փրայսի խոսքով` Վաշինգտոնը հասկանում է, որ Թուրքիան ահաբեկչության հետ կապված անվտանգության հարցում օրինական մտավախություններ ունի։
«Միևնույն ժամանակ մենք հետևողականորեն արտահայտել ենք մեր լուրջ մտահոգությունն առ այն, որ սիրիական էսկալացիան կարող է ազդել ԻՊ*–ի դեմ պայքարելու մեր նպատակի և սահմանի երկու կողմում քաղաքացիական բնակչության վրա։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան առնչությամբ», – նշել է Պետդեպի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական:
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։
«Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակի հասցրած հարվածներն անպատասխան չեն մնա։
Նոյեմբերի 21-ին Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի Քարքամիշ քաղաքը։
ԻՊ* («Իսլամական պետություն»)` Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։