Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որ մանդատները վայր կդնեն. Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյան. Արխիվային լուսանկար
Խամոյանը հերքեց լուրերը, թե «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Կարող են լինեն պատգամավորներ, որ որոշում կայացնեն մանդատները վայր դնելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` չժխտելով խոսակցությունները խմբակցությունից որոշ պատգամավորներ մանդատները վայր դնելու մասին։
Միևնույն ժամանակ Խամոյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի, և խմբակցությունը կայացնում է որոշումներ և առաջնորդվում է այդ որոշումներով։

«Սա բռնապետական համակարգ չէ, խմբակցությունը ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող են լինել պատգամավորներ, որոնք անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով` նման որոշում կարող են կայացնել։ Անուններ հրապարակե, կամ նրանց փոխարեն հիմնավորման կամ բացատրության տեքստեր ասել ես չեմ կարող ասել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է եկել «Հայաստան» դաշինքից, Խամոյանը հերքեց։ Իսկ Աննա Գրիգորյանի և Արթուր Սարգսյանի` «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ էթիկապես ճիշտ չհամարեց ներկուսակցական խնդիրներին անդրադառնալ։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի բացառում, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի։