ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ անձամբ է հրավիրել ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին միանալ իր արշավին՝ որպես «փոխնախագահ»։ Այս մասին ռեփերը գրել է Twitter-ի իր էջում։
«Առաջին անգամ եմ Մար-ա-Լագոյում: Անձրև է և խցանումներ։ Հավատս չի գալիս, որ ստիպել եմ նախագահ Թրամփին սպասել»,- գրել է Ուեսթը` նշելով, որ գնում է Թրամփի` Ֆլորիդայում գտնվող նստավայր:
Այնուհետև ռեփերը դիմել է իր հետևորդներին և խնդրել տարբերակներ ասել, թե ինչպիսին է եղել Թրամփի պատասխանը, երբ ինքը խնդրել է նրան 2024 թվականին լինել իր «փոխնախագահը»։
Հիշեցնենք` Ուեսթը նոյեմբերի 21–ին հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ ԱՄՆ գործող ղեկավար Ջո Բայդենն ու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էին, որ պայքարելու են նախագահի պաշտոնի համար։
Հավելենք, որ ընտրությունները տեղի կունենան 2024-ի նոյեմբերի 5-ին։