ՄԱԿ–ը շնորհակալություն է հայտնել ՀՀ–ին խաղաղության պահպանման գործում ներդրման համար

Հայ խաղաղապահ
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանին խաղաղության պահպանման գործում ունեցած ներդրման համար, տեղեկանում ենք ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջից։
Նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ խաղաղապահ գործողություններին Հայաստանի ցուցաբերած վճռական աջակցության և ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայված ռազմական և ոստիկանական անձնակազմի ծառայության և անձնազոհության համար։
«Հայ տղամարդիկ և կանայք ծառայել են ՄԱԿ-ի խաղաղապահ բազմաբնույթ միջավայրերում և ցուցաբերել արհեստավարժության և նվիրվածության բարձր մակարդակ: Խորապես երախտապարտ ենք տևական խաղաղության և անվտանգության գործում նրանց ներդրման համար», - ասել է Լակրուան։
ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից Հայաստանը ներկայումս 79-րդն է ՄԱԿ-ի խաղաղությանն ուղղված գործողություններին ամենամեծ թվով ռազմական անձնակազմի տրամադրման առումով, որ ներառում է 32 խաղաղապահների, այդ թվում՝ երեք կին ծառայողների, որոնք ծառայում են Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմում։
Հայ խաղաղապահ
Նշվում է նաև, որ առաջին հայ խաղաղապահը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայվել է 2012թ. փետրվարին։ 2014 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանը մշտական ներդրում ունի առաքելության մեջ, երբ Լիբանան ժամանեց նրա առաջին զորախումբը՝ բաղկացած 33 զինվորականից։