ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատաիրավական հարթակում։
Սիմոնյանը Մկրտչյանից պահանջում է փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
Հայցի առիթը հավանաբար եղել են Մկրտչյանի արտահայտությունները, որոնք նոյեմբերի 3-ին հնչել են ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Պատգամավորն ասում է, որ Սիմոնյանը սողալով, սեփական դեմքը գետնից չպոկելով է ԱԺ նախագահի պաշտոնի աթոռին հասել։ Նա նշում է, որ Ալեն Սիմոնյանն ի վիճակի չէ շնորհակալ լինել, քանի որ սողունները չեն կարող երախտագիտության զգացում ունենալ: Ըստ Մկրտչյանի՝ Սիմոնյանի քաղաքական ուղին հիմնված է դատարկաբանության, ստի ու կեղծիքի վրա։