Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Լավրովը Հայաստանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունները միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման, սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերի վերաբերյալ, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների հայտարարությունները՝ կապված նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության, շովինիզմի, այլատյացության բոլոր ձևերի հերոսացման փորձերի դատապարտմանը: