Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները

Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում կարևորել են եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Սոչիում հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլը` նշելով, որ երկու երկրների ղեկավարները զրուցել են հեռախոսով։
«Պուտինն ու Ալիևը կարևորել են ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքների շարունակումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պուտինը կայցելի Հայաստան` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ երևանյան այցի ժամանակ Պուտինը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 31-ին հանդիպել էին Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Տեղի է ունեցել բովանդակային քննարկում. Կոպիրկինը` Սոչիի եռակողմ հանդիպման մասին
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն էր ընդունվել, որում նրանք վերահաստատել էին նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։