Խմելու ջուրը մինչև 2024թ․-ը քաղաքացիների համար չի թանկանա

Ջրի ծորակ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ որոշում կկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Գերատեսչությունից այսպես են պատասխանել հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։
Նշվում է, որ անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից` կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։
Հայտնել էինք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրի սակագնի վերանայման հայտով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Հայտը հիմնավորվել է այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված 8.3% սղաճով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ջրի սակագինն արդեն թանկացել է 20.47 դրամով։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը չի փոխվել՝ մնալով 180 դրամ, մյուս բաժանորդների համար այն դարձել է 200,47 դրամ։