Կա՛մ մանդատները կդնեք, կա՛մ դատախազը կգա ձեր հետևից. ԶԼՄ

ԱԺ «Հայաստան» խմբակցություն. Արխիվային լուսանկար
Հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարբերականի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու և պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, և, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:
Մանդատներից կզրկվեն. Ալեն Սիմոնյանը` «Հայաստան» խմբակցության` ԱԺ նիստերը բոյկոտելու մասին
Պատճառն այն է, որ ԱԺ-ին լուրեր են հասել, թե «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ իրենց մանդատները վայր են դնելու: Խոսքն առայժմ Վահե Հակոբյանի, Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի և Արմեն Չարչյանի մասին է: Այսինքն՝ հնարավոր է, երբ դատախազը մտնի ԱԺ՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, արդեն նրանք մանդատից հրաժարվելու դիմումներ գրած լինեն, և անհարմար իրավիճակ ստեղծվի: Դրա համար գործընթացը փոքր-ինչ կանգ է առել:
«Իշխանությունը սպասում է՝ հասկանալու համար պատգամավորական մանդատներն ովքեր ինքնակամ վայր կդնեն, որից հետո նոր քայլեր կձեռնարկի, առավել ևս, որ որոշ գործերով վաղեմության ժամկետի հարցեր էլ կան: Իսկ իրականում իշխանության իրական նպատակը «Հայաստան» խմբակցությունը պառակտելն ու թուլացնելն է»,- գրում է օրաթերթը:
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, օրինակ, երկրում չէ, եթե համաձայնի իշխանության առաջադրած պայմանին և վայր դնի մանդատը, գուցե այլ գործողություններ չլինեն նրա հետ կապված։