ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով մամուլի խոսնակ է նշանակվել Գոռ Աբրահամյանը։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մինչ այս` 2017-2022 թթ. Աբրահամյանը եղել է Գլխավոր դատախազի խորհրդական։
Նա ծնվել է 1979թ. հուլիսի 13-ին, Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում, սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով լրագրության բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան, ավարտել է նաև ասպիրանտուրան։
Աբրահամյանն աշխատել է «Ազգ» օրաթերթում` որպես լրագրող-քաղաքական մեկնաբան, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում` խորհրդի նախագահի մամուլի քարտուղար, թղթակցել է մի շարք պարբերականների՝ որպես քաղաքական մեկնաբան։
Նա համագործակցել է նաև «Միտք» վերլուծական կենտրոնի հետ՝ որպես վելուծաբան, իսկ 2012-2016թթ․՝ «Մանդատ» հասարակական կազմակերպության հետ՝ որպես ՀՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգի փորձագետ, ընթացքում տարբեր ծրագրերի շրջանակներում ներգրավված է եղել քաղաքացիական ծառայողների և համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ որպես վերապատրաստող։
2003թ․-ից եղել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, ապա՝ Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դասախոս։
ՔԿ նորանշանակ մամուլի քարտուղարը նաև պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Լրագրություն» մասնագիտությամբ։ Ունի դոցենտի գիտական կոչում։ Մի շարք գիտական հոդվածների, մեկ ուսումնաօժանդակ ձեռնարկի, մեկ գիտագործնական ձեռնարկի հեղինակ է։
Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և այլ պարգևներով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Նշենք, որ մինչ այս պաշտոնը զբաղեցնում էր Վարդան Թադևոսյանը, որն օրեր առաջ ազատման դիմում էր գրել։