ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին խնդրել է աջակցել Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը` նշելով, որ Սանոսյանն ընդունել է Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
«Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն ավելի կմեծանա»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։
Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։