Անգամ այս պայմաններում «Ռոսատոմը» արտերկրում կառուցում է 24 բլոկներից 23-ը. Կոմարով

Կիրիլ Կոմարովը
ԱԷԿ-ների կառուցումն աննախադեպ տեմպեր է արձանագրում, աճում է նաև փոքր հզորության կայանների պահանջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Նույնիսկ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «Ռոսատոմ» պետական ընկերությունը շարունակում է արտերկրում կառուցել ատոմակայանների 24 էներգաբլոկներից 23-ը։ Այս մասին Սոչիում անցկացվող «Ատոմէքսպո-2022» ատոմային տեխնոլոգիաների միջազգային համաժողով–ցուցահանդեսի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոսատոմ» ընկերության առաջին փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը։
Նա նշել է, որ այսօր ատոմային էներգետիկան արդիական է ինչպես երբևէ, որպեսզի մինչև 2050 թվականը հասնենք CO2 արտանետումների նվազմանը։ Կոմարովը հիշեցրել է, որ ատոմային էներգետիկան նաև այլ առավելություն ունի։ Ի տարբերություն վերականգնվող էներգիաների տեսակների հիմնական մասի, այն կախում չունի եղանակային պայմաններից և սեզոնայնությունից, իսկ ի տարբերություն ջերմային էներգետիկայի` էներգակիրների համաշխարհային շուկայում առկա տատանումներից։
Համեմատության համար նշենք, որ ՋԷԿ–երում վառելիքի մասնաբաժինն ինքնարժեքում 60-80% է կազմում, իսկ ԱԷԿ–երում` շուրջ 5%։ Կոմարովը նշել է, որ եթե նույնիսկ ուրանն աշխարհում թանկանա կրկնակի և անգամ դրանից էլ ավելի (մոտավորապես այնպես, ինչպես վերջին տարում դա տեղի ունեցավ նավթի և գազի դեպքում), վառելիքի գնի վրա դա կանդրադառնա շատ չնչին տոկոսով։
Նա նշել է, որ չնայած միջազգային բարդ իրավիճակին, «Ռոսատոմը» գրեթե շարունակում է իր բիզնես նախագծերը։ 24 նախագծային ատոմային էներգաբլոկներից, որոնք ընկերությունը կառուցում է ամբողջ աշխարհով մեկ, 23-ը շարունակվում են կառուցվել։ Կոմարովը հավելել է, որ դադարեցվել է միայն Ֆինլանդիայում Հանհիկիվի ԱԷԿ–ի կառուցումը, և «Ռոսատոմը» մտադիր է վիճարկել ֆիննական կողմի որոշումը։
Մնացած կայաններում աշխատանքն ընթանում է նախկինում տեմպերով։ Հուլիսին Եգիպտոսում իրականացվել են Էլ-Դաբա ԱԷԿ–ի առաջին էներգաբլոկի բետոնալցման աշխատանքները, վերջերս սկսվել է երկրորդի շինարարությունը։
Միևնույն ժամանակ, Կոմարովը նշել է, որ «Ռոսատոմի» մասնագետները պատրաստ են պատվիրատուների հետ աշխատել առավելագույնս ճկուն` հաշվի առնելով հաճախորդի պահանջները։ Արտասահմանյան նախագծերում ընդհանուր կայանը ռուսական ատոմային բլոկի հետ մեկտեղ կարող է համալրվել նաև ֆրանսիական տուրբիններով, գերմանական և ֆրանսիական կառավարման և վերահսկման համակարգերով, կորեական պոմպերով և այլն։
Ամբողջ աշխարհում նոր նախագծերի շարքում աճում է փոքր հզորության էներգաբլոկների պահանջարկը։ Դա մի քանի պատճառ ունի։ Բնականաբար 1 Կվտ/ժ–ի համար ծախսերը համեմատաբար մեծ կլինեն (մեծ կայանները կարող են ավելի շատ էներգիա արտադրել և մասշտաբների հաշվին ավելի էժան են), սակայն մեկնարկային ներդրումներն այստեղ շատ ավելի քիչ են։
Բացի այդ, դրանք ավելի հարմար են փոքր երկրների էներգահամակարգերի համար, երկրների, որտեղ պարզապես կարող է տեղ չլինել ավելի մեծ ԱԷԿ-ների համար։ Եվ վերջապես դրանք կարող են մեծ և էներգատար արդյունաբերական նախագծերի, օրինակ, հանքերի համար լավ էներգետիկ աջակցություն ապահովել։ Այս պարագայում շահում են էլեկտրաէներգիայի գների կայունության հաշվին, ինչի մասին խոսվել է վերևում։ Իսկ ծախսերի կանխատեսելիությունը կարևոր պայման է ներդրողներին գրավելու տեսանկյունից։
Ինչպես կարելի է վերամշակել Հայկական ԱԷԿ–ի ռեակտորը. պարզաբանում է «Ռոսատոմի» մասնագետը